Ինչպիսի՞ հարմարավետ և էլեգանտ աշնանային կոշիկներ ընտրել կանանց և տղամարդկանց համար

Աշունը հենց այն սեզոնն է, երբ ցանկանում ես համատեղել կոշիկի հարմարավետությունը, տաքությունն ու էլեգանտությունը: Ճիշտ ընտրված կոշիկը այստեղ ունի առանցքային դեր։
Ստորև ներկայացված են մի քանի մոդելներ, որոնք համապատասխանում են այս չափանիշներին։

Բոտիլյոններ
Աշնանային կոշիկների ամենապահանջված մոդելներից մեկը մնում են բոտիլյոնները։ Դրանք լիովին համատեղում են իրենց մեջ էլեգանտությունն ու հարմարավետությունը: Ինչ վերաբերում է կրունկի բարձրությանը, աշնանային եղանակի համար ցանկալի է նախապատվությունը տալ ավելի ցածր, կայուն կրունկներին՝ 3-5 սմ բարձրությամբ։ 

Լոֆերներ
Լոֆերները երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից, բայց տարեցտարի փոփոխությունների են ենթարկվում: Եթե վերջին տարիներին նորաձև էին համարվում ավելի կոպիտ և հաստ ներբանով մոդելները, ապա աշուն-ձմեռ 2025/26 սեզոնում ուշադրության կենտրոնում ավելի կոկիկ և նուրբ տարբերակներն են: Լոֆերները կարելի է համադրել գրեթե ամեն ինչով՝ ջինսե տաբատներից մինչև դասական կիսաշրջազգեստներ: Լոֆերին հատուկ հմայք են հաղորդում աքսեսուարները։ Փորձեք դրանք համադրել ինքնատիպ գուլպաներով կամ շերտավոր գոլֆերով:

Ճտքավոր կոշիկներ
Ոչ մի աշնանային զգեստապահարան ամբողջական չէ առանց մի զույգ երկարաճիտք կոշիկների։  Դրանք ամենապահանջված մոդելներից են՝ շնորհիվ իրենց բարձրության, պարզության և հարմարավետության։ Այս կոշիկները հիանալի պաշտպանում են եղանակային փոփոխություններից՝ անձրևից ու ցեխից մինչև առաջին սառնամանիքները, հատկապես եթե պատրաստված են բնական կաշվից։ Բացի այդ, երկարաճիտք կոշիկները ապահովում են կերպարի կանացիությունն ու էլեգանտությունը։

Մորթիով թոփսայդերներ
Թոփսայդերներ քիչ ավելի ազատ են, քան դասական գրասենյակային կոշիկները, բայց միևնույն ժամանակ պահպանում են նրբագեղությունը։ Նրանց գլխավոր առավելությունը հարմարավետությունն է, որն այդքան անհրաժեշտ է աշնանային կերպարում։ Սառը եղանակի համար հատկապես հարմար են փափուկ մոդելները՝ ներսում մորթյա երեսապատումով։

Այժմ անցնենք տղամարդկանց

Լոֆերներ
Եթե դեռ մի քանի տարի առաջ սպորտային կոշիկները համարվում էին տղամարդկանց զգեստապահարանի հիմնական կոշիկները, ապա այսօր լոֆերները եկել են դրանց փոխարինելու։ Նրանք հավասարապես լավ են համադրվում ինչպես դասական կերպարի, այնպես էլ ջինսերի հետ: Իդեալական ընտրություն են կաշվե կամ փափուկ թավշյա լակոնիկ մոդելները։ 

Չելսի
Թաց ու անձրևոտ աշունը լավագույնս կարելի է դիմավորել չելսի մոդելներով։ Դրանք հիանալի տարբերակ են՝ համատեղելու հարմարավետությունն ու էլեգանտությունը։ Ընտրելիս ուշադրություն դարձրեք ներբանի հաստությանը․ որքան այն զանգվածային է, այնքան ավելի լավ է կոշիկը պաշտպանում ցրտից ու խոնավությունից։

Դասական կոշիկներ (դերբի, բրոգներ)
Տղամարդկանց աշնանային կոշիկների թրենդներում կրկին առաջատար դիրքերում են դասական կոշիկները՝ բրոգներն ու դերբին։ Եթե նախկինում դրանք կրում էին միայն խիստ կերպարներում, ապա այժմ տղամարդիկ հաճախ են դրանք համադրում ազատ ոճի հագուստի հետ՝ լայն տաբատների կամ ջինսերի։ Այսպիսի կերպարները ստացվում են էլեգանտ և պարզ՝ առանց ավելորդությունների։

Հիշեք, որ եթե ընտրեք ճիշտ կոշիկներ և չխնայեք դրանց վրա, ապա դրանք կարող են ծառայել ձեզ մի քանի սեզոն և դառնալ բազմաթիվ կերպարների կատարյալ լրացում՝ սկսած հարմարավետ զբոսանքներից մինչև գործնական հանդիպումներ։